Ինչպե՞ս ենք Աստծուն պատկերացնում, արդյո՞ք ճիշտ ենք պատկերացնում: Որոշ հատվածներ Աստվածաշնչից Աստծո մասին և թե Նրա ներկայությունն ինչպես է արտահայտվել:
Աստված Մովսեսին ասաց. «Ես այն Աստվածն եմ, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպես կասես իսրայելացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ» (Ելք 3.14):
Աստված ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սյունով, որպեսզի ճանապարհ ցույց տա նրանց, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցույց ունենան։ Ցերեկը ամպի սյունը, իսկ գիշերը հրե սյունը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր (Ելք 13.21-22):
Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ մոտ պիտի գամ ամպի սյան մեջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, և նա հավիտյան պիտի հավատա քեզ» (Ելք 19.9)։
Երրորդ օրն առավոտյան Սինա լերան վրա որոտներ լսվեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երևաց. և շեփորի ձայնը ուժգին հնչում էր։ Բանակատեղում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց (Ելք 19.16):
Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված նրա վրա իջել էր իբրև հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպես հնոցի ծուխ։ Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, որովհետև շեփորի ձայնը տարածվում էր ավելի հեռու և հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսեսը խոսում էր, իսկ Աստված որոտաձայն պատասխանում էր նրան (Ելք 19.18-19):
Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքված կրակի նման իջավ Իսրայելի որդիների առաջ, լեռան գագաթը (Ելք 24.17):
Եվ Տերն ավելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։ Տերը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կա, կանգնի՛ր այս ժայռի վրա։ Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի ծերպի մեջ և իմ ձեռքով կծածկեմ քեզ, մինչև որ անցնեմ։ Իմ ձեռքը քո վրայից կվերցնեմ, և ապա դու ինձ կը տեսնես թիկունքից։ Բայց իմ դեմքը քեզ չի երևա» (Ելք 33.20-23):
Տերն իջավ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տեր (Ելք 34.5):
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և Նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ (Բ Օրինաց 32.4):
Տերը երկինք ելավ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զորություն տալու մեր թագավորներին և զորավիգ լինելու իր օծյալին» (Ա Թագ. 2.10):
Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա, Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։ Երկրաշարժից հետո կրակ կթափվի, սակայն Տերը կրակի մեջ չի լինի։ Կրակից հետո մեղմ օդի ձայն կլինի»։ Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրից ներս։ Եվ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛» (Գ Թագ. 19.11-13):
Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտաց, Տերն ինքն է անսպառ ջրերի վրա։ Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է։ Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տերը կոտրատում է մայրիները Լիբանանի։ Տերը կոտրատում է դրանք ինչպես Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պես։ Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը։ Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տերը դողացնում է Կադեսի անապատը։ Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին և մերկացնում անտառները։ Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա (Սաղմ. 28.3-9):
Քեզ տեսան ջրերն, Աստվա՛ծ, տեսան քեզ ջրերն ու սոսկացին, և անդունդները խռովվեցին հորդառատ ջրերի ձայնից։ Ամպերը ձայն տվին, ուստի և քո նետերը սլացան քո անվի որոտման ձայնից։ Երևացին քո փայլակները տիեզերքի, եւ երկիրը խռովվեց ու դողաց (Սաղմ. 76.17-19):
խէթ. «Գթասիրտ և ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ»։ թէթ. «Տերը քաղցր է բոլորի հանդեպ, և նրա գթությունը տարածվում է նրա բոլոր արարածների վրա» (Սաղմ. 144.8-9):
Դու իմացար իմ նիստուկացը, հեռվից հասկացար իմ մտածումները։ Իմ շավիղներն ու վիճակը դու քննեցիր, և բոլոր ճանապարհներս նախապես տեսար։ Իմացար, որ լեզվիս տակ նենգություն չկա։ Ահա դու, Տե՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր և ձեռքդ դրիր ինձ վրա։ Զարմանալի է քո իմացությունն իմ մասին, այնքան զորեղ, որ չեմ կարող հասու լինել դրան։ Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դեմքից ո՞ւր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես (Սաղմ. 138.2-8):
Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով» (Եսայի 6.3):
Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաբարբառ կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով (Եսայի 29.6):
Ես մերձավոր Աստված եմ և ոչ թե հեռավոր Աստված, – ասում է Տերը։ Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի, – ասում է Տերը։ Միթե երկինքն ու երկիրը ես չե՞մ լցնում, – ասում է Տերը (Երեմիա 23.23-25):
Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.16-17):
Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարեալ (Մատթ. 5.48):
Եվ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը (Մատթ. 17.1-2):
«Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն» (Հովհ. 4.24):
Փիլիպպոսն ասաց նրան. «Տե՛ր, Հորը մեզ ցու՛յց տուր, և այդ բավական է մեզ»։ Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, և ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե՝ Հորը մեզ ցո՛ւյց տուր (Հովհ. 14.8-9):
Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա (Գործ 2.2-3):
Եվ նա գնալիս, երբ մոտեցավ Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Եվ երբ գետին ընկավ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։ Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Եվ ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Ոտքի՛ կանգնիր և այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կասվի, թե դու ի՛նչ պետք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ Սողոսը գետնից վեր կացավ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս (Գործ 9.3-7):
Արդարև ի սկզբանե աշխարհի Աստծու աներևույթ հատկությունները, այն է՝ Նրա մշտնջենավորությունը և զորությունը և աստվածությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մեջ. այնպես որ, ամենևին արդարանալ չեն կարող (Հռոմ. 1.20):
Իսկ այժմ հայտնված է մարգարեական գրվածքների միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին, հավատի հնազանդության համար, միակ իմաստուն Աստծուն, Հիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք հավիտյանս։ Ամեն (Հռոմ. 14.25-26):
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ նա ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4.16):
«Ես եմ Ալֆան և ես եմ Օմեղան», – ասում է Տեր Աստվածը, – նա, որ Է, որ Էր և որ գալու է. Ամենակալը (Հայտն. 1.8):
Եվ յոթը ճրագակալների մեջտեղում՝ մեկին, նման մարդու Որդուն՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած. և նրա գլուխն ու մազերն էին ինչպես սպիտակ բուրդ և ինչպես ձյուն. և նրա աչքերը՝ ինչպես կրակի բոց. և նրա ոտքերը՝ նման հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի. եւ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։ Եւ իր աջ ձեռքում ուներ յոթը աստղեր. նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը (Հայտն 1.13-16):
Եվ երբ տեսա նրան, ընկա նրա ոտքերին ինչպես մեռել. և իր աջը դրեց իմ վրա ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահա՛վասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից»։ Ամեն։ «Եվ ունեմ մահվան ու դժոխքի փականքները» (Հայտն 1.17-18):