Այն, որ գույքահարկի փոփոխություն պետք է, ոչ ոք չի կարող հերքել։ Չի կարող, օրինակ, 1996 թվականի մաշված ավտոմեքենայի գույքահարկն ավտոտնակի գույքահարկից ավելի բարձր լինել։ Օրենքը, միանշանակ, պետք էր վերանայել, բայց դա պետք է պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության տրամաբանությունից բխի: Այստեղ կարևոր է, որ պրոգրեսիվ հարկման համակարգը սոցիալական գնահատական ունենա, այսինքն՝ կա գույք՝ բնակարան, բայց բնակիչները եկամուտ չունեն, հետևաբար տեղի ունեցած փոփոխությունը հարկային լրացուցիչ բեռ է։ Չի կարելի եկամուտներ չունեցող ընտանիքին մի կողմից նպաստ տրամադրել, մյուս կողմից այն հարկի տեսքով վերցնել ձեռքից: Օրենքում այս տեսակ փոփոխություններ անելը վկայումն է այն բանի, որ իշխանությունն ամբողջական պատկերացում չունի երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, և Հարկային օրենսգիրքը՝ իբրև գործիք, փոփոխության է ենթարկվում իրարամերժ բացատրություններով։ Իշխանության նախընտրական ծրագրի սոցիալական ներառականության անհրաժեշտության մասին դրույթը, փաստորեն, չի պահպանվել։ Մի կողմից եկամտային հարկն են համահարթեցնում, մյուս կողմից պրոգրեսիվ հարկման անվան տակ այնպիսի փոփոխություն ներկայացնում, ինչի հարվածը, առաջին հերթին, զգալու են ցածր եկամուտներ ունեցողները։ Եկամտային հարկի դեպքում ամեն ինչ պարզ է, կա եկամուտ, կա նաև հարկ, չկա եկամուտ, հարկ էլ չկա, իսկ գույքահարկի դեպքում քաղաքացին ուզի-չուզի վճարելու է այն, քանզի Հայաստանում քիչ թվով ընտանիքներ են, որ սեփական բնակարան կամ առանձնատուն չունեն:
Ամբողջական հոդվածը՝ ԻՐԱՏԵՍ